16/02/2018 15:18
Երթերն ու միտինգները նպաստում են գնաճի ավելացմանը. ՀՀԿ-ական
Ազգային ժողովի Հանրապետականխմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով` պետք է պայքարել ոչ թե գնաճի դեմ, այլ մարդկանց եկամուտները բարձրացնելու համար։
«Մարդկության պատմության մեջ գնաճ միշտ եղել է ու լինելու է։ Ուրեմն ինչի՞ դեմ պետք է պայքարենք։ Եկամուտների աճի համար պետք է պայքարենք, որպեսզի որևէ մեկը չզգա գնաճի ազդեցությունը, առավել ևս՝ սոցիալական խմբերը», - այսօր ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Մելիքյանը։
Իշխանական մեծամասնության ներկայացուցչի կարծիքով, բյուջեում գումարները չեն կարող պակասել, քանի որ երկրի պաշտպանության, կենսաթոշակ բարձրացնելու խնդիր կա լուծելու։ Նա ասաց, որ գնաճը հաղթահարելու համար պետք է ստեղծել աշխատատեղ, այնպես անել, որ երկիրը տնտեսական աճ ունենա։
«Երթերն ու միտինգները գնաճի դեմ պայքարի միջոց չեն, երթերը և միտինգները գնաճի ավելացմանը նպաստող միջոց են։ Պետք է աշխատենք, աշխատատեղ ստեղծենք», - հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը։
Նա անըդնունելի համարեց ընդդիմության առաջարկը՝ նվազեցնել ակցիզային հարկը, պակասեցնել բյուջեի եկամուտները և հավելեց. «Էդպես չի եղել ոչ մի տեղ ու չի լինելու։ Դա պայքարի միջոց չէ, դա աշխատելու միջոց չէ։ Դրանք ընդամենը ականջահաճո խոսակցություններ են, որը ընդամենը գրգռվածություն է ավելացնում ու խոչընդոտում արտադրողականության աճին»։