16/02/2018 20:00
Մոգերինին հայտնել է Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման ամսաթիվը
Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելուն և նրա ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելուն նվիրված խորհրդաժողովը ապրիլի 24-25-ին կանցկացվի Բրյուսելում ԵՄ-ի և ՄԱԿ-ի համանախագահությամբ, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է РИА Новости-ն:
«Խորհրդաժողովը, որը մենք ապրիլի 24-25-ին Բրյուսելում կանցկացնենք ԵՄ-ի և ՄԱԿ-ի համանախագահությամբ, մեզ հնարավորություն կտա քաղաքական աջակցություն մոբիլիզացնել ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցող գործընթացին և հումանիտար օգնություն սիրիացիներին երկրի ներսում ու տարածաշրջանում»,-լրագրողներին ասել Է Մոգերինին՝ Սոֆիայում ամփոփելով ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստի արդյունքները:
ԵՄ-ն նախագահող Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի խոսքով՝ «խորհրդաժողովը տարածաշրջանային բոլոր ուժերին, ԵՄ-ին և ՄԱԿ-ին հնարավորություն կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել Սիրիայի ապագան»: