16/02/2018 16:29
«Իգլա»-ն Վրաստանից չի տեղափոխվել, այն եղել է Էջմիածնում, պատկանել նախկին քաղաքապետին. Սամվել Բաբայանի գործով նոր ցուցմունքներ
Այսօր ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանում ընթացող բողոքի քննության ժամանակ հարցաքննվեց «Իգլա»-ի տեղափոխման գործով կալանավոր Ռոբերտ Աղվանյանը, որը Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդին է։
Վերջինը, հիշեցնենք, հետախուզման մեջ էր և դեռ նախորդ տարվա վերջին Վրաստանից Հայաստան տեղափոխվեց՝ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար մեղադրանքով։
Ռոբերտ Աղվանյանը դատարան հրավիրվել էր Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի միջնորդությամբ։ Այս գործով, նկատենք, Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել երեք ամբաստանյալներ՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը։
Պատասանելով Քալաշյանի մի քանի հարցերին՝ Աղվանյանը նախ հայտարարեց, որ դատարանում նստած ամբաստանյալներից ճանաչում է միայն Արմեն Պողոսյանին, հետո ասաց, որ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը Վրաստանից չի տեղափոխել Հայաստան։ Այլ ռազմամթերքը պատկանել է Արցախյան պատերազմի մասնակից հորը, եղել է իրենց տանը՝ Էջմիածնում, և 2010 թվականին տունը վաճառելու ժամանակ այն գտել է ու փորձել վաճառել և արդյունքում վաճառել է Հրաչյա Մայիլյանին, փոխադրել նրա բնակարան։
«Էդ ապրանքը պատերազմի ժամանակվանից մեր տանն էր մնացել՝ քաղաք Էջմիածնում», - ասաց Աղվանյանը։
Զենքը Մայիլյանին հանձնելուց հետո գնացել է Վրաստան։ Հիշեցնենք, որ Հրաչյա Մայիլյանը ԱԱԾ-ին կատարվածի մասին, մասնավորապես, Սամվել Բաբայանի դեմ հաղորդում ներկայացրած անձն է։
Նա տեղեկացրեց, որ Հրաչյա Մայլիյանի հետ Թբիլիսիում պատահական է հանդիպել, զրուցել են, հաց են կերել։ Փաստաբանը հետաքրքրվեց, թե Մայիլյանի հետ հանդիպման ժամանակ «Իգլա» տեսակի զենքը ձեռք բերելու ուղղությամբ խոսակցություն նրանց միջև եղե՞լ է, թե ոչ, ինչին Աղվանյանը բացասական պատասխան տվեց և ասաց, որ նման խոսակցություն Թբիլիսիում տեղի է ունեցել ազգությամբ եզդի Ռուստամ Սադոյանի հետ։
«Ես առաջարկել եմ զենիթահրթիռային համալիր ձեռք բերել՝ քրդերին հավաքելու, թուրքերի հերը անիծելու համար։ Էդքան բան», -ասաց Աղվանյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ նա զրույց է ունեցել նաև Հրաչյա Մայիլյանի հետ։
Երբ փաստաբանը հետաքրքրվեց, թե ինչ զարգացումներ են եղել, ինչ է կատարվել հետո, Աղվանյանը պատասխանեց.
«Կարող եմ պատասխանել, որ Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխվել։ Եթե բերված լիներ, այս հինգ ամսվա ընթացքում գտնվել եմ Վրաստանում, ինձ ընդեղից էքստրադիցիա չէին անի։ Հետո ես զենիթահրթիռային համալիրը տվել եմ Հրաչ Մայիլյանին, թե դրանից հետո ինքն ինչ ա արել, հարցրեք իրան», - ասաց նա։
Ավելին, նա ասաց, որ ինքը խաբել է Մայիլյանին, թե Վրաստանից է բերելու զենքը, որովհետև այդպիսով փորձել է բարձրացնել «ապրանքի» արժեքը։
Դատավոր Մխիթար Պապոյանը հետաքրքրվեց, թե հետո փորձե՞լ է Մայիլյանին ասել, որ զենքը Վրաստանից չի տեղափոխվել հայաստան, ի պատասխան Աղվանյանն ասաց, որ Մայիլյանի հետ հանդիպելու առիթ չի եղել։
Սամվել Բաբայանն իր հերթին հարցրեց, թե երբ պայմանավորվել են, ի՞նչ գումարի մասին է եղել խոսքը, ի պատասխան՝ Աղվանյանն ասաց, որ խոսել են ապրանքը 25 հազար ԱՄՆ դոլարով գնելու մասին, սակայն իրեն տվել են գումարի մի մասը՝ 4000 ԱՄՆ դոլարը։
Նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը հարցրեց՝ չէ՞ր կռահում, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում զենիթահրթիռային համալիրը, կալանավորը պատասխանեց. «Կռահեի, չէի պահի»։