16/02/2018 19:43
Վրաստանի փոխվարչապետը կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները
Փետրվարի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։
Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-վրացական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված աճը, ինչպես նաև անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի։
Դմիտրի Կումսիշվիլին կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները։
Դեսպան Սադոյանն իր հերթին նշել է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտության մասին և ընդգծել, որ վրացի զբոսաշրջիկների համար Հայաստանը զբոսաշրջային նախընտրելի ուղղություն դարձնելու հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում։
Անդրադառնալով զբոսաշրջության թեմային՝ նախարար Կումսիշվիլին ներկայացրել է այդ ուղղությամբ վրացական իշխանությունների կողմից տարվող ակտիվ քաղաքականությունը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։