17/02/2018 16:24
Յուրաքանչյուրի սուբյեկտիվ մեկնաբանությունը չի նշանակում բացարձակ ճշմարտություն. Սահմանադրագետը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը սխալ է համարում փաստաբան Վահե Գրիգորյանի հարցազրույցում հնչեցված այն մեկնաբանությունը, թե Հայաստանի Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով ՀՀ 4-րդ նախագահին պետք է ընտրել համապետական ընտրությունների միջոցով։
«Սահմանադրության անցումային դրույթներով նախատեսված 211-րդ հոդվածում հստակ ասվում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ Ես կարծում եմ, որ արտառոց որևէ բան չկա և պետք չէ ինտրիգներ ստեղծել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այվազյանը։
Սահմանադրագետի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ կարող է սուբյեկտիվորեն մեկնաբանել Սահմանադրության առանձին դրույթներ՝ «օգտվելով խոսքի ազատության իրավունքից»։
«Յուրաքանչյուրն էլ սուբյեկտիվ, կենցաղային դատողության մակարդակով կարող է մեկնաբանել Սահմանադրության դրույթները, ի՞նչ է, պետք է բոլորի մեկնաբանությունը դարձնենք ճշմարտությո՞ւն», - նկատեց Վարդան Այվազյանը։
Մեր դիտարկմանը, թե նման դատողություններ հայտնել է հայտնի փաստաբաններից մեկը, Այվազյանը արձագանքեց. «Հայտնի փաստաբանը ճիշտ չի ասում։ Սահմանադրության 211-րդ հոդվածը հստակ ասում է անցումային դրույթներով, մնացածը սուբյեկտիվ դատողություններ են ու մեկնաբանության կարիք էլ չկա։ Յուրաքանչյուրի սուբյեկտիվ մեկնաբանությունը չի նշանակում բացարձակ ճշմարտություն»։
Նկատենք, որ Վահե Գրիգորյանը մասնավորապես վկայակոչելով Սահմանադրության հոդվածները նշել էր. «Հանրապետության Ազգային ժողովը թե Սահմանադրության 2005թ.-ի փոփոխությունների շրջանակում, թե 2015թ.-ի փոփոխությունների, այն եզակի պետական մարմիններից է, որի «լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ»: Եվ միայն Սահմանադրությամբ: Սա ոչ միայն զուտ սահմանադրական ձևական արգելքի հարց է, այլ նաև բխում է օրենսդիր իշխանության լիազորությունների բնույթից: Սահմանադիրները սահմանափակում են օրենսդիր մարմիններին այլ իրավական ակտերով իրենք իրենց լիազորություններ վերապահելու հնարավորությունը, որպեսզի դրանք չունենան անվերահսկելիորեն իշխանությունը իրենց շուրջ բեեւեռացնելու սահմանադրական հնարավորություն: Կոնկրետ դեպքում մենք ունենք այս արգելքը մեր Սահմանադրության մեջ: Խնդրում եմ ստուգել այն Սահմանադրության 88 հոդվածի 4-րդ մասում (Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:):
Եվ հենց այս արգելքի ուժով Հանրապետության Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 125 հոդվածում, որն էլ ուժի մեջ չէ: Այն ուժի մեջ կմտնի, ինչպես արդեն տեսանք, Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը»։