17/02/2018 11:41
Եվ Արմեն Սարգսյանը, և նրա կինը հայտարարագրեր ներկայացրել են. Էթիկայի հանձնաժողով
Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը արձագանքել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ հայտարարությանը։
«Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2013 թվականին Հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, իսկ 2014-2016 թվականներին՝ իր տարեկան հայտարարագրերը (2017 թվականի տարեկան հայտարարագիրը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ենթակա է ներկայացման մինչև սույն թվականի մարտի 30-ը):
Ընդ որում, Ա. Սարգսյանի կինը Հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը 2013-2016 թվականների համար, որոնցում հայտարարագրման ենթակա տվյալ է նաև համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Այս առումով, Ա. Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում, ըստ էության, արտացոլված են գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ինչպես Ա. Սարգսյանի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2013 թ.), այնպես էլ դրանից հետո: Դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի չհայտարարագրման հարցի հետ կապված՝ Ա. Սարգսյանն, իրոք, աշխատավարձի տեսքով եկամուտ չի ստացել և աշխատում է անվճար հիմունքներով», - Aysor.am-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից:
Ավելի վաղ, հիշեցնենք, մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, տեղեկացնելով, որ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս և հետագայում՝ տարեկան պարբերականությամբ, պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի, ինչպես նաև տարբեր բիզնեսներից ստացված շահույթի տեսքով»։