18/02/2018 23:58
Սպանություն Քաջարանում. կասկածյալների թվում է մահացածի եղբոր տղան (Լուսանկարներ)
Փետրվարի 18-ին Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին ձերբակալվել են Կապան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի 53-ամյա բնակիչ Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու, սպանելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ:
Այդ օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին՝ ոստիկանության Քաջարանի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա: Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը, ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դիակի զննությամբ, դեմքի շրջանում առկա են արյունազեղումների և քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպես մոդելագործ, նրա կինը՝ Ռուզաննան, աշխատում է Քաջարանի մանկապարտեզում՝ որպես տնօրեն: Իսկ կասկածյալ Սասուն Կարապետյանը կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վալերիկ Մանուչարյանի եղբոր տղան է: