18/02/2018 23:30
Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցածի կապակցությամբ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
Aysor.am-ի տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118 և 258 հոդվածներով։
Հոդված 118՝ ծեծը. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հոդված 258՝ խուլիգանությունը. պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները տարաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը: Նրանք փորձեցին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի տարաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Ավելին, Վասպուրակ Մարտիրոսյանն էլ թիկունքից քաշել էր Մարինե Խաչատրյանի մազերը։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։