19/02/2018 11:15
Մոր և դստեր ինքնասպանության դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթանում
Երևանում օրերս Դավթաշենի կամրջից մոր և մանկահասակ դստեր ինքնասպանության դեպքից հետո ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Ծառայողական քննությունը դեռ ընթացքում է և քննության ընթացքում փորձ է արվելու պարզել՝ ինչո՞ւ քաղաքացիների ինքնասպանության պահին կամրջի վրա ոստիկանության հերաթապահները ծառայություն չեն իրականացրել։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երկու դի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 37-ամյա Գ. Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:
Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի «սպանություն» և 110-րդ հոդվածի 1-ին մասերով «ինքնասպանության հասցնելը», ստեղծվել է քննչական խումբ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք։
Օրերս հայտնի դարձավ, որ կատարվել է դիահերձում, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, թե նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ ստացած բազմաթիվ վնասվածքներից։