19/02/2018 10:50
Երևանի ավագանիում կատարվածի առնչությամբ քրեական գործը հարուցվել է և «Երկիր Ծիրանիի», և քաղաքապետարանի աշխատակիցների հաղորդման վրա
Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ քննության, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նրա տեղեկացմամբ, քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի՝ «Ծեծը» և 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»։
Մեր հարցին, թե արդյոք միջադեպի հետքերով իրավապահներին հաղորդում ներկայացրել են միայն «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները, Ջանոյանը պատասխանեց, որ բացի «Երկիր Ծիրանիիի» անդամներից, հաղորդում ներկայացրել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները տարաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը: Նրանք փորձեցին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի տարաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Ավելին, Վասպուրակ Մարտիրոսյանն էլ թիկունքից քաշել էր Մարինե Խաչատրյանի մազերը։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։