19/02/2018 14:33
Diana Eyvonah. Ճարտարապետ, մոդելավորողը հանրությանը ներկայացրեց իր նոր հայկական բրենդը (Տեսանյութ)
Ճարտարապետ, մոդելավորող Դիանա Հովեյանն օրերս հանրությանը ներկայացավ հագուստի և կանացի աքսեսուարների իր շքեղ՝ Diana Eyvonah հավաքածուով, որում ներառված են զգեստներ, սվիտերներ, պայուսակներ ու ձեռնոցներ՝ բոլորն էլ բարձրորակ իտալական հումքից: Սա երիտասարդ մոդելավորողի առաջին ցուցահանդես-վաճառքն էր:
Հայկական նոր բրենդը հիմնականում կանանց համար է նախատեսված, սակայն առաջիկայում նրանում տեղ կգտնեն նաև մանկական հագուստներ: Diana Eyvonah բրենդի ապրանքները սկսվում են 40 հազար դրամից:
«Նորաձևության ոլորտում սա իմ առաջին քայլերն են, հիմնական գրավականը որակն է: Օգտվում եմ բնական մետաքսից, քաշմիրից, բրդից: Ընդհանուր ճարտարապետական ուրվագծերով փորձել եմ իմ մասնագիտությունը որոշ չափով ներդնել նաև նորաձևության ոլորտում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, այնպես եմ արել, որ գնորդին հնարավորինս հարմար լինի լավ որակի ապրանք ձեռքբերելը», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց երիտասարդ մոդելավորողը:
Նա թեև մեկ ու կես տարի առաջ է սկսել զբաղվել այս գործունեությամբ, սակայն ցանկությունը դեռ մանկուց է եղել. ոգեշնչման աղբյուր տատիկն է հանդիսացել, ով այն տարիներին այս ոլորտի մասնագետ է եղել: Նպատակ ունի նաև նորաձևության համաշխարհային շուկա դուրս գալ:
Մանրամասն՝ տեսանյութում