19/02/2018 18:19
Բակո Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը
Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին Բակո Սահակյանի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Նախագահ Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը:
«Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական, շարունակաբար ամրապնդել մեր անկախ պետականությունը, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, լուծել սոցիալական խնդիրները», - նշել է Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ բոլորը միասին, համատեղ ուժերով կիրականացնեն ժողովրդի նվիրական իղձերն ու նպատակները՝ միշտ վառ պահելով 1988-ի ոգին:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: