19/02/2018 16:22
«Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպել է Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ Ազգային ժողովում:
Հանդիպման ընթացքում տեսակետներ են ներկայացվել երկրի արտաքին և ներքին քաղաքական գործընթացների առնչությամբ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին ուղղվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես արտագաղթի կանխման, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի, միջազգային հարթակներում մեր երկրի իրականացրած դիվանագիտական քայլերի, Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին անդրադառնալով՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում հստակ նշեց, որ Հայաստանը նախաձեռնել էր հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները գնացին ժխտողականության և նախապայմանների ճանապարհով:
«Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ և կայուն տարածաշրջանում, բայց երբեք թույլ չենք տա, որ որևէ պետություն մեզ հետ խոսի նախապայմանների լեզվով: Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և թուրքական ժխտողականության դեմ պայքարը», - ասել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ընդգծել է, որ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ արցախցիները պատրաստ են մինչև վերջ պայքարելու հանուն անկախության և ազատության: ՀՀ ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ Ադրբեջանը չի կարող պատմական հողերի մասին խոսել, քանի որ նախ և առաջ պետք է պատմություն ունենալ: «Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից», - ասել է նա: