19/02/2018 11:07
Թուրքիայի հետ ներկա պայմաններում ոչ մի նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսք լինել չի կարող. Ռուբեն Սաֆրաստյան
Ներկա պայմաններում ոչ մի փաստաթղթի մասին էլ խոսք լինել չի կարող, Թուրքիայի ղեկավարության կողմից բացարձակ ցանկություն չեմ տեսնում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին հնչեցրած ելույթին, ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Այնպես որ, ներկա պահին ոչ մի առաջընթաց չի կարող լինել», - ասաց թուրքագետը։
Նախագահը, հիշեցնենք, Մյունխենի անվտանգության համաժողովին ասել էր, որ Հայաստանը չի կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին:
«Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը», - նշել էր Սերժ Սարգսյանը։
Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ թուրքական ղեկավարությունը պետք է ցանկություն ունենա հարաբերությունների կարգավորման, այդպիսի նախանշաններ, նրա խոսքով, չկան։
«Ինչպես նախագահը նշեց, անտարակույս, Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որը շատ հասկանալի ու տրամաբանական է, իսկ այն հետևյալն է՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունները միջպետական, երկկողմանի կարգավորել՝ առանց որևէ նախապայմանի։ Ցավոք, թուրքական կողմից ոչ մի դրական ազդակ չկա», - ասաց Ռ.Սաֆրաստյանը:
Ինչ վերաբերում է մտքին, որ հերքեց ՀՀ նախագահը, թե Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, թուրքագետն ասաց, որ նախագահը շատ ճիշտ նշեց, որ թուրքական ղեկավարությունն է որոշում, թե Հայաստանի հետ հարաբերություններն ինչպես կարգավորի։
«Ադրբեջանը, համոզված եմ, Թուրքիայի քաղաքականության վրա չի կարող ազդել։ Իսկ այն, որ Ադրբեջանը դժգոհ է կամ համաձայն չէ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, դա կարող է որպես պատրվակ օգտագործվել։ Իրականությունն այն է, որ Թուրքիայի ղեկավարությունը ցանկություն չունի Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները», - եզրափակեց խոսքը Ռ. Սաֆրաստյանը։