19/02/2018 11:30
Սերժ Սարգսյանի ելույթը տեղեկացում էր, որ շուտով Հայաստանը Ցյուրիխյան արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի. Թևան Պողոսյան
Մյունխենում ունեցած ելութի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ, տեղեկացում էր, որ մոտ ժամանակներս միջազգային հանրությունը կլսի՝ Հայաստանը Ցյուրիխյան արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, Aysor.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։
«Իր ելույթով Սերժ Սարգսյանն ասում էր, որ եթե նախապայմանների հարց է գնում, ապա հայկական կողմն էլ իր նախապայմանները պետք է բերի: Այս մասին Մյունխենում ասելը նպատակ ուներ բարձր ամբիոնում ներկայացնել, թե ինչ հիմքով այս կամ մյուս ամիս իրենք կլսեն, որ Սերժ Սարգսյանն ի չիք է դարձնում արձանագրությունները, որ հետո մեղադրանքները Հայաստանի վրա չլինեն, որովհտև հասկանալի է՝ նման հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան փորձելու է ամեն ինչ ներկայացնել այնպես, իբր հայկական կողմն է, որ չի ցանկանում բանակցել: Սա նաև նախապատրաստական աշխատանք է՝ նմանատիպ սցենարի զարգացում թույլ չտալու», - նշեց նա:
Թևան Պողոսյանն ընդգծեց, որ իրավիճակներ են փոխվել, և հին փաստաթուղթն այլևս ընդունելի չէ:
«Թուրքիայի պահվածքն այս ժամանակահատվածում ապացուցեց, որ այդ տեսակով Թուրքիայի հետ հարաբերություններ անհնար է կարգավորել: Մինչև այդ էլ կար կարծիք, որ քանի դեռ Թուրքիայում Էրդողանի իշխանությունն է, չկա հավատ, թե կլինի հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություն արձանագրելու որևէ հնարավորություն», - նկատեց Թ. Պողոսյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ընդհանուր ելույթին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ այնտեղ մի շարք շեշտադրումներ կային, այդ թվում՝ Արցախի հարցի վերաբերյալ, հայ-թուրքական հարաբերությունների, ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության և ԵԱՏՄ անդամ լինելու խնդրի:
«Անդրադարձ կար նաև նրան, որ փոքր երկրները չեն կարող դառնալ աշխարհաքաղաքական մրցակցության բեմ, քանի որ այդ դեպքում իրենք միշտ կորցնում են: Ահա թե ինչու է Հայաստանը փորձում նման քաղաքականություն վարել: Կարծում եմ՝ սրանք մոտցումներ են, որոնք միջազգային հանրության համար պետք է ընկալելի լինեն»:
Գերմանիայի դաշնությունում Մյունխենի անվտանգության համաժողովին ժամանակ ՀՀ նախագահն իր ելույթում անդրադարձել էր աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը՝ այդ թվում Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններին: