19/02/2018 14:57
Անհրաժեշտ է կյանքի կոչել միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունը. Մասիս Մայիլյան
Արցախի Հանրապետությունը միշտ էլ աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
«Ընդ որում, մենք միշտ հիմք ենք ընդունել այն ըմբռնումը, որ այդ քայլերը չպետք է կրեն ձևական կամ հռչակագրային բնույթ, այլ պետք է իրական ներդրում ունենան շփման գծում իրավիճակի կայունացման գործում։ Նույն մոտեցումն էլ հավասարապես վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված առաջարկությանը, որը չպետք է հանգի սոսկ աշխատակիցների հաստիքների ձևական ավելացմանը, այլ պետք է նախատեսի գրասենյակի դիտարկման կարողությունների ընդլայնում»,- ասել է Մասիս Մայիլյանը:
Ըստ ԱՀ արտգործնախարարի` տվյալ առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարևոր քայլ։
«Սակայն, միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների հաստիքների ավելացումը և դիտարկման կարողությունների ընդլայնումը բավարար չեն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կայունության և կանխատեսելիության ապահովման համար։ Անհրաժեշտ է կյանքի կոչել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նաև այլ նախաձեռնություններ, մասնավորապես, դեռևս 2011 թ․ համաձայնեցված առաջարկությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ։
Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի նաև 1995 թ. փետրվարի 6-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև ԵԱՀԿ հովանու ներքո ձեռքբերված համաձայնագրի գործնական կիրառումը։ Համաձայնագիրը պարունակում է ճգնաժամային իրավիճակների կայունացման համար ռազմական առումով նշանակալի միջոցառումների մի ամբողջ համալիր»,- ասել է Մասիս Մայիլյանը: