19/02/2018 12:24
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու համար
Ռուսաստանի կողմից միջին հեռահարության նոր հրթիռի մշակումը կարող է աշխարհը դնել միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլի եզրին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Ռուսաստանը, արդիականացնելով իր միջուկային ուժերը և զինավարժություններ իրականացնելով միջուկային զենքի կիրառմամբ, կարող է միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլ սանձազերծել Եվրոպայում», - ասել է նա Bild գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում:
Ստոլթենբերգը հղում է արել ԱՄՆ-ի տվյալներին, որը, նրա խոսքով, պարզել է, որ Ռուսաստանը մշակում է միջին հեռահարության նոր հրթիռ, ինչը Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ 1987 թվականի պայմանագրին խախտում է:
Ռուսաստանի այդ գործողությունները «տագնապ են առաջացնում» ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների շրջանում, հայտարարել է Ստոլթենբերգը: Նրա խոսքով՝ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Ռուսաստանը շահագրգռված չեն սպառազինությունների մրցավազքով: