19/02/2018 12:12
Դպրոցներում հաճախ ներկայացնում են հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ թիվ շատ ֆինանսավորում ստանալու համար. Նախարար
Հայաստանը ըստ օրենսդրության պահանջի՝ մինչև 2022 թվականը պետք է անցում կատարի համատարած ներառական կրթության, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նա տեղեկացրեց, որ 2017 թվականին 4 հատուկ դպրոց վերակազմավորվել են մանկավարժահոգաբանական աջակցության կենտրոնների և հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա։
Ներառական կրթության ոլորտում մյուս փոփոխությունը, որը մատնանշեց նախարարը, դպրոցներում ուսուցչի օգնականի հաստիքի ներմուծումն է։ Այսպես, ըստ պաշտոնյայի ներկայացրած տվյալների, 8300 հատուկ կարիքներով երեխաների կրթության կազմակերպմանն աջակցելու նպատակով ուսուցչի 520 օգնական է աշխատանքի անցել։
Այժմ ներառական կրթություն իրականացվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, իսկ 2018-ին սպասվում է, որ համակարգը կներդրվի նաև Արմավիրի մարզում։
«Երևանում համալիր ուսումնասիրություն ենք կատարում հատուկ կրթության հաստատությունների վիճակի վերաբերյալ ու չի թույլատրվելու հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացնել բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագիր։ Այստեղ ռիսկայնությունը մեծանում է նրանով, որ ըստ աշակերտի ֆինանսավորումը բազմապատիկ բարձր է և հաճախ հատուկ կրթության հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ կամ հաշմանդամություն չունեցող այլ հատվածի երեխաների ներգրավում», - խնդիրը ներկայացրեց նախարարը։