19/02/2018 13:09
Մարտի 1-ից որոշ դեղեր դեղատներից բաց կթողնվեն միայն դեղատոմսի առկայության պարագայում
Մարտի 1-ից հորմոնալ պրեպարատները, հակաբիոտիկները և կոդեին պարունակող դեղամիջոցները դեղատներից բացթողնվելու են միայն դեղատոմսով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որի համաձայն՝ առաջիկայում Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը վաճառվելու է դեղատոմսով:
«Նոր օրենքով նախատեսվում է դեղերի բացթողման կարգ, ու եթե նախկինում դրանց վերահսկման մեխանիզմներ չեն եղել, ապա նոր օրենքով որոշակի վերահսկման գործառություններ սահմանված է», - ասաց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ այսպիսով նախ բժիշկների համար դեղատոմսի դուրսգրումը կապահովի վերահսկողություն, որ նա ճիշտ դեղեր է նշանակել, իսկ հիվանդին էլ դեղատոմսի առկայությունը թույլ կտա օգտագործել ճիշտ դեղ՝ ստույգ քանակով:
«Բազմաթիվ մարդիկ ինքնաբուժում են իրականացնում, գալիս են դեղատուն ու հարցնում՝ ինչ կարելի է օգտագործել, ու դեղատան աշխատակիցը, որը պատշաճ կրթություն չունի, դեղ է վաճառում: Դեղ վաճառելու պրոցեսից մենք ուզում ենք անցում կատարել դեղի բացթողման», - նշեց նա:
Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ դեղատոմսերի կիրառման որոշակի ժամանակցույցի մասին առաջարկը այս շաբաթ կներկայացվի կառավարությանը: