19/02/2018 10:20
Անհայտ անձը Կիզլյարի եկեղեցում կրակ է բացել. կան զոհեր
Դաղստանի Կիզլյար քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Բարեկենդանը տոնողների ուղղությամբ: Միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է, հայտնել է աղբյուրը երկրի իրավապահ մարմիններում, փոխանցում է ТАСС-ը:
«Միջադեպը տեղի է ունեցել Կիզլյար քաղաքում: Նախնական տվյալներով՝ չորս մարդ է մահացել: Կան վիրավորներ: Հանցագործը գնդակահարվել է», - նշել է աղբյուրը:
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը խորապես ցնցված է Կիզլյարի ուղղափառ եկեղեցու ծխականների սպանությամբ:
«Ռուսական եկեղեցու առաջնորդը Մեծ պահքի նախօրին իրականացված այս հրեշավոր հանցանքը որպես սադրանք է գնահատում, որն ուղղված է հարյուրամյակներ շարունակ Կովկասում համերաշխության մեջ ապրած ուղղափառների և մահմեդականների միջև առճակատման առաջացմանը: Ռուս եկեղեցին խորն անհանգստություն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և պնդում է, որպեսզի այս հանցագործությունը հետաքննվի առավել մանրամասն կերպով», - ավելացրել է նա: