20/02/2018 13:22
Այս տարի առողջապահական ծառայությունը ամբողջությամբ դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից
2018 թվականից քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունը այլևս չի ենթարկվի քրեակատարողական հիմնարկների վարչությանը և կգործի առողջապահության նախարարության ենթակայությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Այն, որ այսօր առողջապահական ծառայությունը ենթարկվում է քրեակատարողական ծառայությանը, առաջացնում է բախում, որովհետև քրեակատարողական ծառայությունն ունի իր խնդիրները, առողջապահական ծառայությունն՝ իր։ Ենթարկվելով քրեակատարողական ծառայությանը՝ մենք ունենում ենք որոշակի բախում», - ասաց Հարությունյանը։
Նախարարն ասաց, որ այս ոլորտում «համակարգային հանգուցալուծում» են պատրաստվում անել, և առողջապահական ծառայությունը ամբողջովին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից և ուղղակիորեն ենթարկվելու է առողջապահության նախարարությանը։
«Մենք վստահ ենք, որ սա առաջին ու կարևորագույն քայլն է լինելու այս ոլորտը բարեփոխելու առումով», - նշեց Հարությունյանը։