21/02/2018 16:24
Գլխավոր դատախազությունից կմասնակցեն Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի լսումներին
Փետրվարի 23-ին Ազգային ժողովում ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ լսումներին Հայաստանի գլխավոր դատախազությունը ներկայացուցիչ կունենա, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ազգային ժողովում կայանալիք լսումներին գլխավոր դատախազության կողմից մասնակցություն, ամենայն հավանականությամբ, կլինի», - փոխանցեց Աբրահամյանը։
Հարցին, թե հնարավոր է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկա գտնվի լսումներին, Աբրահամյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ առայժմ հայտնի չէ, թե ով կներկայացնի գլխավոր դատախազությանը։
Նշենք, որ նույն փաստաթղթում նաև կոչ կա ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանը, որով «Ելք»-ը կոչ էր անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում նույն նախագիծը մերժում ստացավ. կողմ էին «Ելք» խմբակցության երկու պատգամավորներ՝ Էդմոն Մարուքյանը և Արտակ Զեյնալյանը, դեմ էին Հանրապետական և Դաշնակցություն խմբակցության պատգամավորները, իսկ «Ծառուկյան» խմբակցության երեք պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին։