21/02/2018 12:03
«Կոնսենսուսը Թաջ Մահալի դեմ կանգնած սուրբ կովը չէ». Ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին Նաիրա Զոհրաբյանի առաջարկը մերժվեց
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Փաստաթղթով պատգամավորն առաջարկում է անցնել պարզ համամասնական ընտրակարգի և վերացնել վարկանիշային ընտրակարգը։
«Հայաստանը բացառիկ երկիր է, որտեղ գործում է ռեյտինգային ընտրակարգը։ Մենք պատրաստ էինք հետաձգել նախագիծը, քննարկել հետո, սակայն իշխանական մեծամասնության ներկայացուցիչների հայտարարությունները համամասնական ընտրակարգը մերժելու մասին, մեզ ստիպեցին գնալ այս քայլին և նախագիծը ներկայացնել հիմա», - հայտարարեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններին՝ ապրիլի 2-ին, ցույց է տալիս, որ այդ ընտրակարգը պետք է փոխվի։
Օրինագծի հարակից զեկուցող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Զոհրաբյանի տվյալները սխալ են, և շատ են երկրները, որոնցում բաց ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենում։
Սակայն, նրա խոսքով, իշխանական մեծամասնությունը գոնե այս փուլում դեմ է ներկայացված օրինագծին, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրություններին մասնակից ուժերի միջև կոնսենսուս է կայացվել գոյություն ունեցող համակարգի շուրջ։
«Քաղաքական ուժերի միջև կայացել է կոնսենսուս, իշխանության կողմից ընդունվել է ընդդիմության չորս պահանջ, մեկը չի ընդունվել և կայացել է քաղաքական կոնսենսուս այս համակարգի շուրջ։ Սա օրենսգրքի ընդունման ժամանակ կարևոր առանձնահատկությունն է եղել։ Նույն ԲՀԿ-ն կողմ էր այդ կոնսենսուսին, հետո համոզվել են, որ սխալ է։ Ճիշտ տարբերակ չէ ընտրություններից առաջ գնալ նման փոփոխությունների», - հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը՝ նկատելով, որ նպատակահարմար չէ ընտրություններից չորս տարի առաջ բերել այս հարցը քննարկել։
Նա, սակայն, չբացառեց, որ ինչ-որ փուլում այս հարցի շուրջ քննարկումներ կկայանան։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ինքն այս ընտրակարգի դեմ պայքարողներից է, քանի որ ռեյտինգային ընտրակարգն ավելի վատ էր, քան՝ մեծամասնական ընտրակարգը։
«Կոնսենսուսի մեջ չենք եղել, դեմ ենք եղել այս ընտրական օրենսգրքին ու դեմ ենք եղել այս ռեյտինգային համակարգին, սա համակարգ չի։ Եթե մի օր սկսեն այս հարցի շուրջ քաղաքական բանակցություններ, մենք կընդգրկվենք դրա մեջ ու մեր դիրքորոշումը կհայտնենք», - հայտարարեց Մարուքյանը։
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի խոսքով՝ լավ ու վատ ընտրական համակարգ չկա, իսկ Ընտրական օրենսգիրքը Հայաստանի քաղաքական մշակույթում գոյություն ունեցող խնդիրների համադարման չի կարող լինել։
Թովմասյանն ասաց, որ Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրությունները գնահատվում են էական տեղաշարժներով։ «Նմանատիպ հարցերը շատ ավելի լայն քննարկման առարկա պետք է դառնան, տեղի ունենան քննարկումներ, լսումներ և հետո միայն կարող էր ներկայացվել հանձնաժողով ընդունման», - ասաց Թովմասյանը՝ խնդրելով հեղինակներին հանել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և նման քննարկման չդնել առանց լայնածավալ քննարկումների։
Սակայն Նաիրա Զոհրաբյանը անդրդվելի էր և պնդեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը դնում է քվեարկության ու չընդունեց Արփինե Հովհաննիսյանի և Հրայր Թովմասյանի առաջարկը՝ նախագիծը հետ վերցնելու մասին։
Անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի կողմից պարբերաբար վկայակոչված քաղաքական կոնսենսուսին, որը կայացել էր խորհրդարանական ընտրություններից առաջ 4+4+4 ձևաչափի շրջանակում, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց.
«Կոնսենսուսը Թաջ Մահալի դեմ կանգնած սուրբ կովը չէ, որը տեղաշարժել հնարավոր չէ։ Իսկ ընտրակարգի վերաբերյալ կոնսենսուս չի կայացել»։
Այդուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովում 5 դեմ և 9 կողմ հարաբերակցությամբ բացասական եզրակացություն ստացավ, չընդունվեց։