21/02/2018 18:29
Արտերկրի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքները
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում փետրվարի 20-ին Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների և անհատների հետ, տեղեկացնում են Արմեն Սարգսյանի աշխատակազմից:
Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքներն ու Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։ Նա խոսել է նաև Հայաստանի ու համահայկական խնդիրների մասին, առաջարկել միասնական լուծումներ փնտրելու համար խրախուսել համահայկական երկխոսությունը:
Արմեն Սարգսյանի ներածական խոսքին հաջորդել է համայնքային կառույցների ղեկավարների և անհատների հետ անկեղծ զրույցը, որի ժամանակ հնչել են ավստրիահայերի հարցերն ու կարծիքները կապված Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ու կրթական խնդիրների, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին: