21/02/2018 13:07
Բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկան լրացած անձանց աշխատելու արգելքն անհարգալից վերաբերմունք է. Բագրատյան
Կենսաթոշակային տարիքի գիտնականն այլևս չի կարող մասնակցել այն մրցույթներին, որ թափուր է բուհ-ում, խորհրդարանական լսումների ժամանակ նման մտահոգություն հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Բայց նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ: Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Դրա մեր ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերն ու սուբյեկտիվիզմը: Նաև ռեկտորի ազդեցությունն է մեծանում: Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այս նվաստացուցիչ արարողությունը: Գիտնականը դիմում է, ռեկտորը որոշում է ընդունել, թե ոչ: Այսինքն՝ եթե լսել է իրեն, իր հորդորները կատարել է, թույլ կտա, եթե չէ, այլևս թույլ չի տա», - նկատեց պատգամավորը:
Բագրատյանը նաև անհամաձայնություն հայտնեց բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանց աշխատելու արգելքի կետի շուրջ:
«Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են գիտնականի նկատմամբ, այլև՝ մարդու իրավունքների խախտում», - նշեց նա:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ նկատեց, որ սա նպատակ ունի ամբիոնները նաև երիտասարդ կադրերով համալրելու:
«Ես դասավանդում եմ համալսարանում 89 թվականից: Ես ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարել դա նվաստացուցիչ: Ոչ ոք չի արգելում դասախոսին, կարող է մնալ ամբիոնի պրոֆեսոր, ղեկավարել այն, բայց երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե ավագի: Մեր ամբիոնները, Աստված երկար կյանք տա, բայց 5-7 տարի հետո գիտնական չունենք, որ շարունակի: Ամբիոնի վարիչի մասին չենք խոսում», - նշեց նախարարը: