21/02/2018 14:30
Մարտի 1-ի էջը բոլորիս ամոթն է. Գևորգ Կոստանյան
Այսօր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, փաստաթղթի հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը փորձեց «սոխի» անեկդոտ պատմել։
Սակայն նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը փորձեց կանխել նրան՝ ասելով, որ հանձնաժողովում հարցերը պետք է քննարկել ըստ էության։ Այդուհանդերձ, երբ Փաշինյանը սկսեց անեկդոտը պատմել, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հեռացավ նիստերի սենյակից։ Երբ Փաշինյանը վերջացրեց, Կոստանյանը վերադարձավ, բացատրելով.
«Ես իրականում ինչի դուրս եկա, որովհետև այս լրջագույն հարցը, որ մենք քննարկում ենք, իսկ մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում և ամոթալի էջերից մեկն է, ամոթն է բոլորիս ու այս հարցի քննարկումը զուգորդենք անեկդոտ պատմելով, ինձ համար, անկեղծ ասած, պարոն Փաշինյան, մի քիչ անընդունելի է։ Դրա համար դուրս եկա, անկեղծ ասած, խնդրում եմ անարգանք չդիտարկել»։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով, որ մարտի 1-ը իր ամոթը չէ ու հավելեց. «Պարոն Կոստանյան, մարտի 1-ի գործով ես դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման և, անկեղծ ասած, ես ինքս, որպես 7 տարի ազատազրկման դատապարտված անձ, մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ։ Մարտի 1-ը իմ ամոթը չի, մարտի 1-ը ձեր ամոթն է՝ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ»։
Անդրադառնալով իր՝ անեկդոտ պատմելուն՝ Փաշինյանն ասաց, որ իր պատմած անեկդոտը վերաբերում էր Հայաստանի Հանարպետության ներկայիս վիճակին, երբ երկիրը տուժում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հետևանքով։