21/02/2018 12:43
Դեղերը, հնարավոր է, թանկանան, կավելանա նաև Վրաստանից մաքսանենգ ներկրման ծավալը. Սամվել Զաքարյան (Տեսանյութ)
Հայաստանում դեղերի որոշ խմբեր դեղատոմսով բաց թողնելու կարգի ներմուծումը կարող է ավելացնել Վրաստանից մաքսանենգ ճանապարհով դեղերի ներկրման ծավալները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
«Ռիսկ կա, որ մենք էլ ավելի կսկսենք հարստացնել Վրաստանը: Բանն այն է, որ այնտեղ դեղերը ազատված են 20 տոկոսի ԱԱՀ-ից: Կարող եմ անձամբ ինձ վրա բերել օրինակը. եթե ես իմ դեղերը սկսեմ բերել Վրաստանից, կխնայեմ 200-ից 400 հազար դրամ», - ասաց Սամվել Զաքարյանը:
Նա նշեց, որ պարբերաբար առաջարկում են կառավարությանը, որպեսզի Հայաստանում հանվի դեղերի վրա կիրառվող 20 տոկոս ԱԱՀ-ն.
«Դեղերից մեզ մոտ բոլորն են օգտվում ու պետք է պետությունը հաշվի առնի, որ առավել շատ օգտվում են կարիքավորներն ու տարիքավորները», - ասաց Սամվել Զաքարյանը:
Նա չբացառեց, որ նոր կարգի ներմուծման դեպքում դեղերը, հնարավոր է, թանկանան:
«Քանի որ ավելանալու են այս ոլորտի համակարգման համար մատուցվող ծառայությունները, այս դեպքում, իհարկե, չի բացառվում, որ դեղի ինքնարժեքը կբարձրանա», - ասաց Սամվել Զաքարյանը: