21/02/2018 12:26
Վերաքննություն հասկացությունը կվերանա. մոդուլը չհանձնելու դեպքում ուսանողը հաջորդ տարի կրկին կվճարի այդ առակայից քննություն հանձնելու համար
Մենք պարտավոր ենք ապահովել համալսարանների անկախությունը, որպեսզի ուսանողը կարողանա ազատ տեղաշարժվել ու անձամբ կազմել իր աշխատանքային գրաֆիկը, «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Սրա համար մենք փոխել ենք կառավարման ձևը, որի հիմքը դարձել է կրեդիտայինը: Ուսանողն իր կրեդիտը հավաքելու է բակալավրում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում», - նշեց նախարարը:
Վերջինս ընդգծեց, որ թեև նման առաջարկը շատերի քննադատությանն է արժանացել, բայց այն կբացառի մի շարք դրսևորումներ, ինչպես, օրինակ, մի քանի անգամ լիկվիդ մնալն ու տվյալ առարկան չհանձնելու դեպքում հաջորդ կուրս չփոխադրվելը: Առաջարկվող փոփոխություններով, եթե ուսանողը չի հանձնել տվյալ առարկան, ապա դա չի խանգարի նրան փոխադրվել հաջորդ կուրս: Ուսանողն այս դեպքում հաջորդ կուրս փոխադրվելուց հետո, կրկին պետք է վճարի նախորդ տարի չհանձնած առարկան սովորելու և մոդուլը հանձնելու համար:
«Կսահմանվի տարեկան հավաքվող մինիմալ և մաքսիմալ կրեդիտ: Բակալավրի դեպքում, եթե ուսանողը full time ուսուցման համակարգում է, ապա նրան հնարավորություն է տրվում 4-6 տարվա ընթացքում ձևավորել իր աշխատանքային գործընացը, եթե ավելի երկարատև ռեժիմի է անցում կատարում, այսինքն՝ part time համակարգի, որը հեռակա ուսուցմանն է փոխարինելու, ապա մարդը կարող է 8 տարվա ընթացում հավաքել իրեն անհրաժեշտ կրեդիտների քանակը: Երբ ուսանողը իր գրաֆիկը կազմելուց կորոշի, որ 6 տարում պիտի ավարտի, ապա կսահմանվի, թե յուրաքանչյուր տարի մոդուլի համար որքան գումար պիտի վճարի: Այսինքն՝ նաև վճարման համակարգը պիտի փոխվի, և ամենակարևորը պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլատվություն հասկացությունները: Եթե ուսանողը չի հանձնում մոդուլը, ապա հաջորդ տարի նորից կվճարի, այդ մոդուլը կսովորի և կհանձնի իր հատվածը, ոչ թե դուրս կմնա հաջորդ կուրսից», - նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ փոփոխությունների շրջանակում ասպիանտուրայի կրթական ծրագիրը կազմված է լինելու երկու՝ կրթական և գիտական հատվածից: Նախատեսվում է նաև նախաբակալավրիատի ներդրում: