21/02/2018 14:17
Մարտի 1-ի զոհերի հարազատները գնալու են ՄԻԵԴ և ամբողջ Հայաստանով գոռալու ենք՝ վայ, նանի ջան, էս ի՞նչ եղավ. Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավուքնների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մի քանի հարց էր հետաքրքրում։
Նախկին դատախազը, մասնավորապես, անդրադարձավ նախագծի հետևյալ կետին, որի համաձայն փաստաթղթում կոչ է արվում ՀՀ գլխավոր դատախազությանը Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։
«Այդ գործընթացը հստակ կանոնակարգվում է օրենքով, Քրեական դատավարության օրենսգրքով, որի համաձայն, Գլխավոր դատախազը և որևէ այլ սուբյեկտ նման դատական գործերը վերաբացելու հստակ չափորոշիչ ու հիմքեր ունի։ Արդյոք գտնում եք, որ առկա են իրավական հիմքեր, որ այդ գործերը վերաբացվեն։ Եթե այո, ապա ինչու որևէ մեկը չի գնում իրավական գործընթացի շրջանակներում և դուք որպես ընդդիմադիր գործիչ գնում եք հայտարարության հետևից», - նախագիծը ներակայացնող Փաշինյանից հետաքրքրվեց Կոստանյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց քաղաքական դիրքորոշումն է, քանզի համապատասխան քաղաքական և նույնիսկ իրավական կամքի առկայության պարագայում կարելի է վերաբացել գործերը։
«Այս առաջարկը ժեստ է Հայաստանի Հանրապետությանը և սրա տակ թաքնված է հետևյալը՝ ժողովուրդ ջան, հեսա էս բոլոր գործերը գնալու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ամբողջ Հայաստանի Հանրապետությունով գոռալու ենք՝ վայ, նանի ջան, էս ինչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու, ո՞ր դատավորին բռնենք-պատժենք», -հավելեց Փաշինյանը։