21/02/2018 17:40
Մոգերինին՝ Նալբանդյանին. Ամեն անգամ, երբ հանդիպում ենք, փաստաթուղթ ենք ստորագրում
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով Բրյուսելում է։ Նա ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։
Այցի շրջանակում ստորագրվել է փաստաթուղթ, Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Դրանից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Էդվարդ Նալբանդյանին ասել է. «Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, փաստաթուղթ ենք ստորագրում»:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: