21/02/2018 20:00
Խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել՝ հիմնարար ազատությունների պահպանման հարցում ձեռք բերված առաջընթացը կայուն է. Նալբանդյան
Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության առանցքում, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մեր երկիրը շուտով անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին, որտեղ առավել մեծ կարևորություն ձեռք կբերի միջխորհրդարանական համագործակցությունը: Անկասկած, խորհրդարանները կանգնած են ժողովրդավարական արժեքների խրախուսման և մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում: Ժողովրդավարական կառույցների ամրապնդումը մշտապես եղել է Հայաստան-ԵՄ համագործակցության առաջնահերթություններից մեկը», - նշել է նա:
Նալբանդյանն ընդգծել է, որ 2017 թ-ի ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել՝ հիմնարար ազատությունների պահպանման հարցում ձեռք բերված առաջընթացը կայուն է և անշրջելի:
«Այդ առումով մենք գնահատում ենք Եվրոպական միության կարևոր աջակցությունը: Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանին Հայաստանում միջազգային դիտորդների 650 անդամներից բաղկացած թիմի մաս կազմելու համար համար, որը եզրակացրեց, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները հարգվել էին: Եվրոպական միությունն իր հերթին հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներն արտացոլում էին Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը: Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ ներառյալ Մարդու իրավունքների երկխոսության շրջանակներում, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի և բոլոր գործընկերների հետ՝ ընտրական գործընթացի հետագա բարելավմանն ուղղված նրանց առաջարկները կյանքի կոչելու և մեր ժողովրդավարության ամրապնդման համար», - նշել է նա: