21/02/2018 16:52
Հանրապետականները, երբ ասում են կարմիր, երբեմն նկատի են ունենում սև, երբեմն՝ նարնջագույն, երբեմն՝ նույնիսկ բազկաթոռ. Փաշինյան
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք չէ «ուվերեննի» պնդել, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ։
«Այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, գիտեն բացառապես նեղ շրջանակի մարդիկ, և եթե գրել են համամասնական, դա դեռ չի նշանակում, որ նրանք նկատի են ունեցել համամասնական։ Շատ հնարավոր է, որ նրանք նկատի են ունեցել մեծամասնական։ Եկեք մամուլին հետևենք, տեսնենք պարոնայք Թովմասյանը, Հանրապետական մեծամասնության ներկայացուցիչները ո՞ր դեպքում ինչ են նկատի ունենում, երբ ասում են կարմիր, որովհետև երբեմն նկատի են ունենում սև, երբեմն՝ նարնջագույն, երբեմն՝ սպիտակ, երբեմն՝ նույնիսկ բազկաթոռ», - հայտարարեց Փաշինյանը։
Հանձնաժողովի նիստում պատգամավորն այսպես հեգնեց, երբ քննարկվում էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորն առաջարկում էր վերացնել ռեյտինգային ընտրակարգը և ամբողջությամբ անցնել համամասնական ընտրակարգին։