21/02/2018 17:44
Հայ-ռուսական համագործակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարում
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակը և Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Կրասնոյարսկի գիտական կենտրոն» դաշնային հետազոտական կենտրոնի անտառի ինստիտուտը կհամագործակցեն անտառային հրդեհների քարտեզագրման, մոդելավորման կառավարման ոլորտում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Մտադրությունների հուշագիրը կողմերը ստորագրել են դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 25-ին, հայտնում է 911tert.am կայքը:
Կողմերը պատրաստակամ են կազմակերպել համատեղ գիտաժողովներ, դասախոսների վերապատրաստման և որակի բարձրացման նպատակով փորձի փոխանակման այցեր, մշակել անտառային հրդեհների մասին տեղեկությունը՝ մոնիտորինգ, ռիսկի գնահատում, մոդելավորում, աջակցել իրար գիտական հոդվածների հրապարակման հարցում: Համագործակցության ուղղություններից մեկն էլ Հայաստանում անտառային հրդեհների կանխման և կառավարման համակարգի մշակումն է:
Համագործակցության մեկ ուղղություն էլ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների գործուղումն է «Կրասնոյարսկի գիտական կենտրոն» դաշնային հետազոտական կենտրոնի անտառի ինստիտուտ:
Տարեկան մեկ կամ երկու ապագա մագիստրոս հնարավորություն կունենա անտառային հրդեհների կառավարման վերաբերյալ մագիստրական հետազոտությունը խորացնել, անտառի ինստիտուտում՝ տեղի մասնագետների ղեկավարությամբ: