21/02/2018 17:28
Գյուղական բնակավայրերում բազմազավակ ընտանիքներին անվճար տրամադրել հողակտոր՝ տուն կառուցելու համար, իսկ վարկը տրամադրել անտոկոս. առաջարկ՝ ԱԺ-ում
Սոցապ նախարարությունն առաջարկում է կենցաղային ապրանքի ձեռքբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի կամ վարկի տոկոսագումարների սուբսիդավորում, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով՝ Բազմազավակ ընտանիքների մասին և կից օրենքների փաթեթներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Նախագծով որոշակի աջակցության տեսակներ են նախատեսվում, մասնավորապես՝ սոցիալական աջակցություն, բժշկական օգնություն և սպասարկում, բնակարանով ապահովման պետական աջակցություն, կենցաղային ապրանքի ձեռքբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ կամ վարկի տոկոսագումարի սուբսիդավորում, ինքնազբաղվածության ապահովման աջակցություն, երեխաների կրթական աջակցություն», - նշեց նա:
Նախարարն ընդգծեց, որ ծրագիրը իրականացվելու է յուրաքանչյուր տարի պետբյուջեում այդ նպատակով նախտեսված միջոցներից:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդես եկավ մի շարք առաջարկություններով, այդ թվում՝ առաջարկելով յուրաքանչյուր բազմազավակ ընտանիքի, նվազագույն չափորոշիչներով բնակարանի բացակայության դեպքում (մեկ շնչի համար 15 քառ. մ), դիմելուց հետո 6 –ամսյա ժամկետում բնակարանով ապահովում հետևյալ տարբերակներով՝ անտոկոս վարկի տրամադրում բնակարանի արժեքի չափով՝ վարկի գումարը 25 տարվա ընթացքում մարելու պայմանով, ինչպես նաև սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային և այլ գյուղական բնակավայրերում, անհատույց սեփականության իրավունքով հողատարածքի հատկացում` բնակարան կառուցելու համար և անտոկոս վարկի տրամադրում` վարկի գումարը 25 տարվա ընթացքում մարելու պայմանով:
Անդրադառնալով բազմազավակ ընտանիքներին հարկային արտոնությունների տրամադրմանը, Հակոբյանն առաջարկեց՝ բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր աշխատող անդամի ազատել եկամտահարկից, իսկ բազմազավակ ընտանիքները ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, երբ նրանց գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլն դրամը՝ ազատվել նաև շրջանառության հարկից:
Մինչդեռ Հակոբ Հակոբյանն առաջարկեց իր կողմից վերը նշված առաջարներն այս պահին չդնել քվեարկության, դրանք քննարկել կառավարության հետ և լսումների շրջանակներում, որից հետո վերջնական տեսքի բերել և ներկայացնել քվեարկության: