21/02/2018 15:26
Դյուրացվում է հայ արտադրողների մուտքը Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սինգապուրի շուկաներ
Հայաստանում 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25,2 տոկոս աճ, նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ զեկուցել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով, արտաքին շուկաներ մուտքը հայրենական արտադրողների և գործարարների համար դյուրացնելու նպատակով աշխատանքներ են իրականացվել թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվական հասանելիության ապահովման, ինչպես նաև վաճառքի առցանց համակարգերի գործարկման միջոցով:
Սուրեն Կարայանը նշել է, որ ավարտվել են Իրանի և Չինաստանի միջև համաձայնագրերի շուրջ բանակցային փուլերը: Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սինգապուրի հետ համաձայնագրերը բանակցային տարբեր փուլերում են:
Կարևորվել է նաև Եվրոպական միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգ» (REX) ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Նախարարի հավաստմամբ՝ այս տարվա հունվարին արդեն սկսվել է արտահանողների գրանցումը: