21/02/2018 17:50
Ազգային ժողովը կքննարկի օտարերկրյա ներդրողների պաշտպանվածության մասին նախագիծը
Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շրջանակում 2017 թվականին իրականացվել է 47 միջոցառում, իսկ 2018 թվականի համար նախատեսված ծրագիրը ներառում է 43 միջոցառում: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այդ մասին ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարն ընդգծել է, որ առաջիկա տարվա գործողությունների շարքում առանձնակի կարևորվում են շինարարական թույլտվությունների ընթացակարգերի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմների, հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման և սնանկության ու պայմանագրերի կիրարկման ոլորտներում զգալի բարելավման աշխատանքները:
Օտարերկրյա ներդրողների պաշտպանվածության բարձրացման համար անհրաժեշտ իրավական ակտերի ուսումնասիրություն իրականացնելու և համապատասխան նախագիծ մշակելու վերաբերյալ նախագահի մեկ այլ հանձնարարականի կապակցությամբ նախարար Կարայանը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։