22/02/2018 14:32
Ոչ մեկը չէր կարող ինձ հեռացնել մի պաշտոնից, որից ես դեռևս մեկ տարի առաջ ազատման դիմում եմ ներկայացրել. Իվետա Տոնոյանը հերքում է
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը բացարձակ հիմարություն է որակում իր՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից ազատվելու, ինչպես նաև պատգամավորական մանդատից զրկվելու մասին տեղեկությունը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Իվետա Տոնոյանը նախ հերքեց «Հայկական Ժամանակ»-ում հրապարակված տեղեկությունը, հետո ընդգծեց, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից, ինչպես նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի պաշտոնից ազատվել է դեռևս 2017 թվականին՝ պատգամավորական մանդատն ստանալուց հետո։
«Ազատման պատճառն այն էր, որ ես, որպես պատգամավոր, օրենքով սահմանված կարգով չեմ կարող այդ գործառույթներն իրականացնել։ Դա եղել է դեռևս 2017 թվականի հունիսի 1-ին։ Համապատասխան փաստաթղթերը կան։ Դրանից հետո «Էպիկենտրոն» լրատվական ծառայության ղեկավարը՝ Բաղդասար Մհերյանն է նշանակվել, իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ունի իր տնօրենը։ Բայց «Կենտրոն» հեռուստաընկերության հետ իմ շարունակական գործակցությունը, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, եղել է մշտապես ու այդպես էլ շարունակվելու է։ Բացի այդ, այդ հեռուստաընկերությունն ինձ հոգեհարազատ է, ես այնտեղ աշխատել եմ 15 տարի։ Այնպես որ այդ տեղեկությունը բացարձակ հիմարություն է, ոչ մեկ չէր կարող ինձ հեռացնել մի պաշտոնից, որից ես դեռևս մեկ տարի առաջ ազատման դիմում եմ ներկայացրել», - պարզաբանեց Իվետա Տոնոյանը։
Ինչ վերաբերում է իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հրապարակմանը, Տոնոյանը դա նույնպես «հիմարություն» որակեց՝ հավելելով.
«Անկեղծ եմ ասում, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ ինձ համար անհեթեթությունների շարքից է։ Չգիտեմ՝ ինչն է դրդել նրանց նման տեղեկությամբ հանդես գալ։ Որպեսզի ծիծաղելի վիճակում չհայտնվեն, իրենց խորհուրդ եմ տալիս միգուցե ցանկալին իրականության տեղ հրամցնելու ջանքերը դադարեցնել»։