22/02/2018 20:29
Արմեն Սարգսյան. Կուզենամ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է, որ ծրագրում է շարունակել հանդիպումները նաև խորհրդարանում նախագահի ընտրությունից հետո:
«Ճիշտն ասած, այս պահին հետաքրքրությունը իմ մեջ այնքան մեծ է, որ եթե նույնիսկ չընտրվեմ, կուզենամ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք և ուր ենք գնալու: Կա՞ր արդյոք մեկ բան, որ ինձ դրդեց ասել «այո»: Գործոնները շատ են․ սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջև դրվեց, որին «ոչ» ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ», - նշել է նա։
Ա.Սարգսյանի խոսքով, ինքը շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում:
«Շատերը կարծում են, որ Հանրապետության հաջորդ նախագահը՝ չորրորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար նրանից սպասելիքներ պետք չի ունենալ: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ, իներցիայով մտածելով, Հանրապետության նախագահը ամեն ինչ կարող է: Իրականությունը ինչ-որ տեղ երկուսի մեջտեղում է: Եթե առանձնացնելու լինեմ մեկ պատասխան, ես կարծում եմ, մեր նոր Սահմանադրությամբ, քանի որ Հանրապետության նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված շատ մեծ պարտականություններ և լիազորություններ՝ Սահմանադրության մեջ ձևակերպված, նախ և առաջ մեծ խնդիր է, թե ինչպիսի էություն կլցվի այդ շրջանակի ներսում: Հետևաբար մեծ խնդիր է դրվում չորրորդ նախագահի վրա՝ ինչ-որ ձևով ձևավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը: Եվ նաև՝ ինչ-որ ձևով մշակույթ ստեղծել նոր, խորհրդարանական նախագահի», - ասել է Ա.Սարգսյանը։