23/02/2018 16:52
Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը մարտի 1-ի գործով նոր հանգամանք է առաջարկել Գլխավոր դատախազությանը
Այսօր Ազգային ժողովում Մարտի 1, 2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումներից դեռևս 2008-ին ձևավորված Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը կարևոր եզրահանգումներ է արել։
«Բացառիկ մեկ փաստ արձանագրվեց՝ Հայաստանի դատախազության ձեռքի տակ չի գտնվում մեր կարևոր զեկույցներից մեկը, որը գրվել է ամենավերջում և դա բանակի ներգրավվածության մասին զեկույցն էր», - իր եզրափակիչ խոսքում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
Նա հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի զեկույցը, ինչի արդյունքում կարող է մեծ բացահայտումներ անել։
«Դա կարող է հիմք հանդիսանալ այն ժամանակվա քաղաքական որոշումներ կայացնող շատ այրերի կանչել ու բացատրություններ վերցնել, որը մարտի 1-ի դեպքերի վրա շատ էական լույս կարող է սփռել։ Ես կարծում եմ, որ բոլոր զեկույցները շատ կարևոր էին, բայց միայն 4-ն էին, որ ներառված էին ԱԺ եզրափակիչ զեկույցի մեջ։ Ես նոր հանգամանք եմ առաջարկում ձեզ՝ ծանոթացեք այդ զեկույցի հետ», - հայտարարեց Քոչարյանը իր եզրափակիչ ելույթում՝ տեղեկացնելով, որ դրա տպված տարբերակը տրամադրել է Գևորգ Կոստանյանին, որը ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միակ թեկնածուն է։
Քոչարյանը նշեց, որ իրենց վերջին զեկույցի ուսումնասիրման դեպքում մյուս տարի այս թեմայով քննարկումների ժամանակ գործը նորովի տեսք կունենա։