23/02/2018 19:40
Մարտի 1-ից հետո նույնիսկ Տեր-Պետրոսյանը չցանկացավ նեղացնել իրավապահներին, քանի որ ինքն էր ստեղծել այդ համակարգը. Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համոզված է՝ մարտիմեկյան իրադարձությունները չեն բացահայտվի բացառապես քաղաքական պատճառներով։
«Այս գործն այն գործն է, որ նույնիսկ միջակ ընդունակություններով օժտված իրավապահ քննիչները, քրեագետներն ու փորձագետները կարող էին այս գործը բացահայտել։ Իսկ եթե կային առաջանային դժվարություններ, կարող էին հրավիրել արտասահմանյան մասնագետներին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ դեռ իննսունական թվականներից Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որի հենարանը ուժային կառույցներն են, հետևաբար մարտիմեկյան իրադարձությունները չբացահայտելը թաքնված է հենց այդտեղ։
«Երբ ոստիկանության բաժանմունքներում դեռ իննսունականներից մարդիկ խոշտանգվում, ծեծվում էին, որևէ մեկը պատիժ չէր կրում։ Ինչո՞ւ։ Պատկերացրեք, եթե իրավապահները որևէ կասկածվող ոստիկանի պատժեն, ապա ոստիկանության համակարգը կսկսի ցնցվել ու հանրահավաքների, երթերի, ցույցերի ժամանակ ոստիկանությունը չի ենթարկվի որևէ հրահանգի։ Ավելին, հրահանգ տվողները կպատժվեն», - նկատեց Իշխանյանը։
Ավելին, իրավապաշտպանի խոսքով, Հայաստանում չկա այնպիսի քաղաքական ուժ, որը, իշխանության գալու դեպքում, կհրաժարվի իշխանություն պահելու նման ուժային մեթոդներից։
«Եթե հիշում եք 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, հունիս ամսին ելույթ ունենալով հանրահավաքում և մարտիմեկյան իրադարձությունները անվանելով սպանդ, հայտարարեց, որ ոստիկանները կամ ուժային կառույցները դա չեն արել, այլ արել են օլիգարխների թիկնապահները։ Ինչո՞ւ նա այդպես ասաց, որովհետև նա հույս ուներ իշխանության գալ և էլի իրավապահ մարմինները լինեին իր հենարանը։ Չէր ուզում նեղացնել իրավապահներին, քանի որ ինքն էր ստեղծել այդ համակարգը։ Մենք փակ շրջանի մեջ ենք», - եզրափակեց խոսքը Իշխանյանը։