23/02/2018 16:33
Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու ստորագրությունների քանակն ուղարկվել է ԱԺ քարտուղարություն
Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ ձայների 1/4-րդը հավաքվել է և ուղարկվել ԱԺ քարտուղարություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջ հետ Արմեն Սարգսյանին այսօր պաշտոնապես առաջադրել է որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու:
«Այսօրվա հանդիպումն ամփոփում էր, որի ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրեց տարբեր խմբերի հետ ունեցած իր հանդիպման արդյունքները: Նա ասաց, թե ինչու է որոշել այս ծանր բեռը վերցնել իր վրա: Այսօր ՀՅԴ-ի հետ միասին ստորագրահավաք կազմակերպեցինք ու որոշեցինք Արմեն Սարգսյանին առաջադրել հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու», - ասաց նա:
Բաղդասարյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանի առաջադրման հետ կապված խորհրդարանում լայն կոնսոլիդացիա կլինի՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ՀՀԿ-ում Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ կոնսոլիդացիա չկա:
«Բնական է, որ բոլորը չեն կարող ունենալ նույն կարծիքը, բայց երբ բանավեճերի ու ընդհանուր քննարկումների արդյունքում քաղաքական ուժը որոշում է կայացնում, քաղաքական որոշումը բոլորն են հարգում», - եզրափակեց խոսքը նա: