23/02/2018 15:56
Այո, կար գաղտնի հրաման, բայց դա չէր ենթադրում զորքի մասնակցություն մարտյան դեպքերին. Կոստանյան (Տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության կազմակերպած Մարտի 1, 2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումներում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի ելույթի ժամանակ դահլիճում տեղ-տեղ մարդիկ դժգոհ արտահայտություններ, բացականչություններ էին անում՝ չհամաձայնելով նրա գնահատականների հետ։
Սակայն, Կոստանյանին դա չէր խանգարում։ Ավելին նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց «Ելք» դաշինքին այս թեմայով լսումներ կազմակերպելու համար։
Ինչևէ, իր ելույթի սկզբում նա անդրադարձավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի այն հայտարարությանը, թե մարտի 1-ին նախագահի կողմից արտակարգ դրություն է հայտարարվել՝ առանց արտակարգ դրության մասին օրենքի։
«Այո, օրենք չկար, բայց այդ ժամանակ դրա անհրաժեշտությունն էլ չկար, քանի որ այդ հարցը կարգավորվում էր Սահմաանդրությամբ։ Սահմանադրության համաձայն, նախագահը կարող էր հայտարարել արտակարգ դրություն և իրականցնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Հետևաբար, խոսել, որ արտակարգ դրություն հայտարարելն այդ ժամանակ ապօրինի էր, ներողություն, բայց դա ընդհանրապես հիմք չունի», - հայտարարեց Կոստանյանը։
Նախկին գլխավոր դատախազն անդրադարձավ նաև Պաշտպանության նախարարի գաղտնի հրամանին, որի վերաբերյալ իր ելույթում դարձյալ նշել էր Արթուր Սաքունցը. «Այո, դա գաղտնի հրաման էր, և այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին պատասխանատվության, բայց չափազանց կարևոր է նկատել՝ արդյոք դա ենթադրում է զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն մարտի 1-ի միջոցառումներին։ Իհարկե, ոչ։ Որովհետև հետագա բացատրություններում հստակ սահմանվեց, որ այս հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, ընդ որում՝ դա պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր գնում և մի քանի միջադեպ եղավ»։
Այս հայտարարությունից հետո, երբ ներկաները սկսեցին դժգոհություններ հայտնել, Կոստանյանը արձագանքեց. «Ժողովուրդ, ասելով չի, էդ ամեն ինչը գրած ա»։
Մանրամասները՝ տեսանյութում։