23/02/2018 19:10
ԱԺ վերլուծական խորհուրդը քննարկել է «Հայաստան-իսլամական աշխարհ» օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փետրվարի 23-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ Վերլուծական խորհուրդը քննարկել է «Հայաստան-իսլամական աշխարհ» օրակարգին առնչվող հարցեր, տեղեկացնում են ԱԺ Հանրային կապերի վարչությունից։
Ըստ աղբյուրի, քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ոլորտի փորձագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Թուրքիայի, Իրանի և արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև առկա գլոբալ իրողությունների առնչությամբ հիմնական զեկույցներով հանդես են եկել փորձագետներ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը, ինչպես նաեւ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:
Նիստի ընթացքում կարևորվել է իսլամական երկրների հետ համագործակցությունը և ընդգծվել հետագա հարաբերությունների հետեւողական զարգացումը խորհրդարանական դիվանագիտության միջոցով:
Շեշտվել է այն հանգամանքը, որ ԼՂ հակամարտությունը չի ունեցել, չունի և չի կարող ունենալ կրոնական բնույթ: