24/02/2018 10:02
«Հրապարակ». Կասկածելի վարքով հաճախորդը սրճարանում ադրբեջանական մետաղադրամով է թեյավճար թողել
«Հրապարակ»-ը գրում է. «Երևանյան սրճարաններից մեկում օտարերկրացի հաճախորդը, որպես թեյավճար, մատուցողին ադրբեջանական մետաղադրամ է տվել և հեռացել սրճարանից։ Մատուցողի պատմածի համաձայն՝ օտարերկրացին սեղանին է մոռացել ծխախոտի տուփը, որի վրա նույնպես լատինատառ գրառումներ են եղել, սակայն մատուցողը սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Այնուհետ հաճախորդը վերադարձել է ծխախոտի ետևից։
Մատուցողը տվել է ծխախոտը և, որպես թեյավճար, ստացել մետաղադրամը։ Մատուցողի խոսքով՝ տեսնելով մետաղադրամը, ինքն սկսել է հարցուփորձ անել նրան։ «Էդ մարդը մի քանի օր է՝ ինչ գալիս է մեր մոտ, միշտ նույն սեղանին է նստում, ոչ ոքի հետ չի խոսում, պիվա է խմում, ծխում է ու գնում։ Մեկ էլ թղթի վրա ինչ-որ բաներ է գրում, նայում է ոստիկանական մեքենաներին», - ասել է սրճարանի մատուցողը։ Իսկ թղթի վրա նույնպե՞ս լատինատառ է գրում։ «Չէ, ավելի շատ արաբական տառերի էին նման, բայց հստակ չեմ կարող ասել։ Ես նրանից հարցրի, թե որտեղից է, ասաց, որ ամերիկացի է։ Հետո հարցրի, թե ինչ մասնագիտություն ունի, պատասխանեց, որ ուսուցիչ է, ու հեռացավ»։
«Հավելենք, որ սրճարանի մատուցողները, տեսնելով մետաղադրամը, լուսանկարել են օտարերկրացուն, սակայն դեմքը չի երևում», - գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: