24/02/2018 13:47
Սիրեն ինձ, թե չսիրեն, հարգեն, թե չհարգեն, ես ոչինչ չեմ արել, որի համար կարող եմ գլուխ կախել. Արթուր Բաղդասարյան
Ունեցել ենք մեր սխալները, բայց չեմ կարծում, որ դրանք ճակատագրական են եղել, այսօր «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ, արտահերթ համագումարում ասաց կուսակցության նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանը:
«Ունեցե՞լ ենք սխալներ մեր գործունեության մեջ, իհարկե, ունեցել ենք, ճակատագրական եղե՞լ են այդ սխալները, ես չեմ կարծում, ազնիվ է եղե՞լ մեր նպատակը, իհարկե, ազնիվ է եղել», - ասաց Արթուր Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ իրենք «համախմբվել ու համախմբված պայքարել են Հայաստանը, մեղմ ասած, փոսից դուրս բերելու համար»:
Արթուր Բաղդասարայանն, ակնարկելով վերջին ընտրություններում «Օրինաց երկրի» ստացած ձայները, հարց բարձրացրեց` ինչպե՞ս կարող է մի կուսակցություն նույն տեղանքում հոկտեմբեր ամսին հավաքի 21% ձայն, իսկ 6 ամիս անց` ընդամենը 4%:
«Կարող ենք եզրակացնել, որ տեղի է ունեցել, ոչ թե քաղաքական պայքար, այլ՝ հասարակ գործարք` հասարակության և այն քաղաքական ուժեր ասեմ, անհատներ ասեմ, նրանց միջև, որոնք ուղղակի վաճառել են իրենց քվեները: Հայաստանում մրցակցությունը փողի միջև է, ոչ թե գաղափարախոսությունների», - ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նա անդրադարձավ նաև իր անձին` նշելով, որ որքան էլ ոչ միանշանակ իրեն ընդունեն, միևնույն է` փորձել է բարելավել իրավիճակը երկրում:
«Սիրեն ինձ, թե չսիրեն, հարգեն, թե չհարգեն, ես իմ երկրի 21 տարվա պատմության կրողներից մեկն եմ եղել, ունեցել եմ իմ սխալները, իմ թերություններն, ինչպես ամեն մի մարդ, բայց ես իմ կյանքում երբեք ոչինչ չեմ արել, որի համար կարող եմ գլուխ կախել կամ ոչ մեկի տունը չեմ քանդել, բազմաթիվ օջախներ շենացրել եմ: Որպես մարդ՝ ունեցել ենք մեր սխալներն, իհարկե», - ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը: