24/02/2018 10:53
Կապանի օդանավակայանի բացումը` հունիսին, ինքնաթիռը Հայաստանում՝ մարտին. Անապահով խավի համար տոմսի գինը կարող է նվազել
Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի կառուցումը երկար սպասեցնել չի տա. հունիսին, արդեն, օդանավակայանը հասանելի կլինի ուղևորների համար։
«Այս պահին օդանավակայանի աերոդրոմային հատվածի, այսինքն՝ թռիչքուղու ու հարակից տարածքների աշխատանքների 90 տոկոսից ավելին կատարված է, հիմա սպասում ենք մի քիչ եղանակը տաքանա, նկատի ունենք մարտի կեսերից, մնացած տասը տոկոսն էլ կավարտենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Զարգացման և ներդրման հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանը։
Նա նշեց, որ օդանավակայանի կոմունիկացիոն բոլոր համակարգերը գրեթե հասցված են ավարտին։
«Խոսքը գնում է ջրի, հոսանքի մասին, ինչ վերաբերում է օդանավակայանի սպասարկող շենքին, այսպես ասած, տերմինալին, հիմա լայն թափով աշխատանքներն ընթացքի մեջ են և հույս ունենք, որ մինչև մայիսի վերջ կավարտենք ու հունիս ամսից արդեն օդանավակայանը կբացվի», - ասաց Զինավոր Մեղրյանը՝ ընդգծելով, որ այս ստույգ օր չի կարող ասել։
Սյունիքի Զարգացման և ներդրման հիմնադրամի տնօրենը վստահեցնում է՝ օդանավակայանի շենքը բավականին գեղեցիկ է լինելու։
«Նկատի ունենալով շենքի բարձրությունը, ոչ միայն ֆունկցիոնալ իմաստով, այլ նաև ճարտարապետական իմաստով, ինքը լինելու է բավականին գեղեցիկ շենք, հետևաբար, նաև կառուցումը բավականին բարդ է, բայց, կարծում ենք, որ մենք մեր ժամկետների մեջ կմնանք, այսինքն՝ մայիսի վերջ, հունիսի սկիզբ կավարտենք», - նշեց նա։
Զինավոր Մեղրյանը տեղեկացրեց, որ մարտ ամսի վերջին 5,5 միլիոն եվրո արժողությամբ L-410 մակնիշի ինքնաթիռն արդեն լինելու է օդանավակայանում։
Դիտարկմանը՝ մարզպետ Վահե Հակոբյանն ասել էր, որ դեռ տոմսերի գները վերջնական որոշված չեն, սակայն նախնական 30-40 հազար դրամի սահմաններում է լինելու, կպահպանվի տոմսերի՝ 30-ից 40 հազար դրամի չափը, Զինավոր Մեղրյանը պատասխանեց, որ գնային քաղաքականության հետ կապված որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ։
«Սոցիալապես անապահով, խոցելի խավերի համար գինը կարող է նվազել, իսկ, ընդհանուր առմամբ, նույն գործարար շրջանակների կամ այլ շրջանակների համար, որոնք, ըստ էության, այդ գումարը տրամադրելու որևէ խնդիր չունեն, միգուցե, որևէ փոփոխության ենթարկվի դեպի վերև, բայց միջինացված նույն գնային քաղաքականությունն է պահպանվելու, ընդամենը, միգուցե, փորձենք դասակարգել ըստ սոցիալական կամ եկամտային խմբերի. նվազի դեպքում նվազեցնենք, բարձրի դեպքում՝ փորձենք բարձրացնել, բայց միջինացված, ինչ մարզպետը հայտարարել է, դա կպահպանվի», - նշեց Սյունիքի Զարգացման և ներդրման հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանը։