24/02/2018 15:27
Նիգերիայում առևանգվել են աշակերտուհիներ
«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն առևանգել են Նիգերիայի Յոբե նահանգի դպրոցի 111 աշակերտի, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով PM News պարբերականին և տեղի ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 46 աղջիկների անհետացման մասին, սակայն ոստիկանությունը հերքել էր նրանց առևանգման մասին կասկածները։
2014 թվականին «Բոկո Հարամի» ահաբեկիչներն առևանգել էին 276 նիգերիացի դպրոցականների Նիգերիայի հյուսիս–արևելքում գտնվող Չիբոկ քաղաքում՝ առաջարկելով կառավարությանը նրանց փոխանակել ձերբակալված զինյալների հետ, սակայն կառավարությունը հրաժարվել էր։
2016 թվականի օգոստոսին խմբավորումը հրապարակել էր տեսանյութ, որում, ըստ զինյալների, ներկայացված էին ողջ մնացած աշակերտուհիները: Ահաբեկիչները հայտնել էին, որ նրանց մի մասը օդուժի հարվածների հետևանքով մահացել էին։ Ավելի քան 20 դպրոցական հետագայում ազատվել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ 2017 թվականին Նիգերիայի իշխանությունները հայտնել էին, որ 82 դպրոցական է ազատվել։
Մնացածը գերությունից ինքնուրույն փախել էին: 195 աշակերտուհի համարվում էր անհետ կորած: