27/02/2018 17:32
Համապետական ընտրություններ Հայաստանում տեղի են ունեցել 2017-ի ապրիլին, և մինչև 2022 թվականը իշխանությունը ձևավորված է. Շարմազանով
Հայաստանը աստիճանաբար անցում է կատարում դեպի ամբողջական խորհրդարանական համակարգ, որի արդյունքում ավելի է հստակեցվում իշխանության տարանջատումը, ավելանալու է խորհրդարանական վերահսկողությունը և քաղաքական բազմակարծությունը, այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ նման համակարգը հնարավորություն է տալիս խորացնել ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Այն ոչ թե վարչապետական կամ սուպերվարչապետական, այլ բացառապես խորհրդարանական համակարգ է, որտեղ խորհրդարանը ունի վերահսկողական գործիք գործադիրի նկատմամբ», - հայտարարեց Աժ պատգամավորը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի խոսքով՝ որոշ գործիչների փորձում են Հայաստանում նախընտրական տրամադրություններ ստեղծել։
«Հարկ եմ համարում նշել, որ համապետական ընտրությունները մեր երկրում տեղի են ունեցել անցյալ տարի ապրիլին, որի արդյունքում էլ ձևավորվել են թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը: Հետևաբար, նախընտրական օրակարգ ստեղծելու փորձերը կեղծ են ու անհիմն, քանի որ Հայաստանի քաղաքացիները մինչև 2022 թվականը ձևավորել են իշխանություն», - հայտարարեց Շարմազանովը։
Այդուհանդերձ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը անվտանգության մարտահրավերներն են, որի մասին ելույթ է ունեցել նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտագության համաժողովում:
«Իր «մյունխենյան թեզիսներում» նախագահ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի ոչ թե հակադրման, այլ համադրման կողմնակից է, որի արդյունքում թե՛ ԵԱՏՄ անդամն ենք և թե՛ գործընկերային համաձայնագիր ենք կնքել Եվրոպական միության հետ, Թուրքիան և Ադրբեջանը հանդիսանում են մեր տարածաշրջանի անվտագության հիմնական սպառնալիքները, Ադրբեջանի ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները ավելի վտանգավոր են դառնում միջազգային հանրության լռության ֆոնին: Այլ կերպ ասած`քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը հղի է լուրջ հետևանքներով:
Բացի այդ, նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած նախապայման անընդունելի է, և հելսինկյան սկզբունքները հավասարազոր են, և որևէ սկզբունք չի կարող ավելի լինել, քան ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը: Այսպիսով, «մյունխենյան թեզիսները» վերահաստատեցին, որ Հայաստանը շարունակելու է իր ավանդը ներդնել տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում և միևնույն ժամանակ մեր երկիրը շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի ամրապնդմանը` ապահովելով անվտանգություն և առաջընթաց», - հայտարարեց Շարմազանովը: