27/02/2018 14:24
ՕԵԿ-ականները հաջողություն են մաղթել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ, տեղեկացնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին, Արցախին, հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Արմեն Սարգսյանն ՕԵԿ նախագահին և փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը և սկզբունքային մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է երկրի առջև ծառացած ներքին և արտաքին հիմնական մարտահրավերների, հասարակությանը հուզող խնդիրների և դրանց լուծման հետ կապված «Օրինաց երկիր» կուսակցության մոտեցումները և պատկերացումները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ խոշոր, ռազմավարական ծրագրերի առաջադրման և իրականցացման հետ կապված: Հանդիպումն անցել է ջերմ և անկաշկանդ աշխատանքային մթնոլորտում:
Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը և ՕԵԿ փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը, հաջողություն են մաղթել Արմեն Սարգսյանին առաջիկա ընտրական գործընթացներում: