28/02/2018 11:25
Ձեր տրամադրած տվայլներն այլ Հայաստանի համար են, որտեղ ապրում եք դուք և ձեր իշխանությունը. Զոհրաբյանը՝ ԱՎԾ նախագահին
Ժամանակին այս ամբիոնից Հրանտ Բագրատյանն առաջարկեց ձեզ գնադակահարել, ԱԺ-ում «Պաշտոնական վիճակագրության» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանին։
«Իհարկե, ես նման առաջարկությամբ հանդես չեմ գա, բայց պաշտոնյան, որը պրոֆեսիոնալ է, իսկ դուք պրոֆեսիոնալ եք, ունի ընտրություն՝ կա՛մ մնալ պրոֆեսիսնալ ու կատարել իր պարտքը, կա՛մ լինել կամակատար», - ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ վիճակագրական ծառայությունը հանրության շրջանում վստահություն չի վայելում, քանի որ դրա տրամադրած տվյալները ոչ մի աղերս չունեն իրականության հետ։
«Ասացիք, որ օրենքով այլ ստրուկտուրալիզացիա է լինելու, տարբեր միջազգային ստանդարտներին եք փորձելու համապատասխանեցնել ձեր գործունեությունը, բայց միակ ստանդարտը, որին պիտի համապատասխանեք, իրականությունն է», - նշեց պատգամավորը։
Ն. Զոհրաբյանը նկատեց՝ երկրում աղքատությունն աճում է, արտագաղթն ու գործազրկությունը նույնպես, մինչդեռ ԱՎԾ տվյալները այլ պատկեր են ստեղծում։
«Գնաճը 2,6 տոկոս, ծիծաղելի է, անհարմար է, պարոն Մնացականյան, միգուցե ձեր օրենքի վրա գրեիք՝ փոփոխություն վիրտուալ Հայաստանի համար, ես կհասկանայի, որովհետև ձեր տրամադրած տվայլները այլ Հայաստանի համար են, որտեղ ապրում եք դուք և ձեր իշխանությունը», - ասաց նա։
Վերջինս ընդգծեց նաև, որ ինքն անձամբ գիտի դեպք, որ նախկին գյուղնախարարներից մեկը կեղծ տեղեկատվություն ստանալու համար գրավոր ներքին շրջաբերական էր մարզպետներին ուղարկում ու ասում, թե ինչ տեղեկատվություն պիտի տրամադրվեր։
Պատգամավորը նշեց, որ ԱՎԾ-ն պետք է ունենա մեխանիզմներ՝ ճշտելու ադ տեղեկատվությունը, թե որքանով է համապատասխանում իրականությանը։